Ուտող-խմող մարդիկ եղել են ու կան բոլոր հասարակություններում: Նրանց սովորաբար ներողամտորեն ու հումորով են վերաբերվում՝ մտածելով, որ մարդկային անշառ թուլություն է: Նրանք վտանգավոր ու անտանելի չեն, վտանգավորը խժռող-լափողներն են՝ խոսքի ուղղակի ու փոխաբերական իմաստներով, որ հաճախ այդպիսին դառնում են վատ միջավայրում և այլասերված ուժերի ազդեցությամբ: Իսկ վատթարագույնը հենց այն խոզաբարո խավն է, որ հանգամանքերի բերումով իշխանություն է գրավում և փորձում իր բարքերը տարածել երկրով մեկ: Սրանք նույնպես եղել են բոլոր ժամանակներում, այդ թվում՝ անցած դարի երեսնական թվականներին: Նրանց առանձնանշել է Չարենցը իր բանաստեղծություններից մեկում.
Օ՜, քստմնելի, խոզային սերունդ,
Հտպիտ ժառանգորդ անզուգական հոր…
Խոզային սերունդն այսօր խրախճանում է Երևանի փողոցներում և այլուր: Մեր պարտքն է՝ թույլ չտալ, որ այսուհետ նման սատուռնատոներ լինեն: Դրանք ամենևին չեն տեղավորվում հայկական վարքականոնի մեջ: Հայաստանը կերտվել ու ապրում է իր պանծալի սերունդների ուժով, բարոյականությամբ ու անձնազոհությամբ: Նրանք հաճախ են քաղցել ու զրկանքների ենթարկվել, բայց միշտ, կարելվույն չափ, պաշտպանել են հայրենիքն ու ազգը: Չի կարելի աչքաթող անել, թե ինչպիսի սերունդ է հայտնվում երկրի կառավարման հարթակում: Հայաստանում իշխելու իրավունք պետք է ունենա բացառապես ուժեղ, գիտակից ու հայանվեր սերունդը:
Հրանտ Ալեքսանյան